5 դեկտեմբերի 2024 - 12:40 AMT
Կալաս․ ԵՄ և ՀՀ գործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ և ՀՀ գործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։

Հանդիպումը տեղի է ունեցել Մալթայում, որտեղ ընթանում է ԵԱՀԿ նախարարական համաժողովը։

«Ուրախ էի հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդվում է բոլոր ոլորտներում՝ անվտանգությունից և դիմակայունությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումներ: Ես վերահաստատել եմ իմ հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»,- գրել է Կալասը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, սակայն Միրզոյան-Բայրամով հանդիպում պլանավորված չէ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: