ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի՝ ժամկետը կսպառվի 2025–ի ավարտին։
2024–ի փետրվարին ՀՀ–ն հայտարարել է ՀԱՊԿ–ին իր անդամությունը սառեցնելու մասին՝ այլևս չի մասնակցում միջոցառումներին և անդամավճար չի մուծում։
«Երկու տարի ՀՀ–ն կարող է այդ պարտքը չվճարել։ Հետո կընդունվեն համապատասխան որոշումներ»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Պանկինը հավելել է, որ դա ինչ–որ «աներևակայելի բան չէ», այլ երկրներ ևս ունեցել են պարտքեր։
«Այդ մասին քաղաքականապես բարձր հայտարարվել է։ ՀԱՊԿ ցանկացած անդամի մոտ կարող է պարտք առաջանալ։ Դեպքեր են եղել, երբ այլ երկրներ ևս պարտք են եղել»,–ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իրեն ՀԱՊԿ–ից դուրս է համարում և որ, իր կարծիքով, անդառնալիության կետն արդեն անցել ենք։ Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման իրավիճակն Արցախի հետ կապ չունի:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե ՀԱՊԿ–ը «Երևանի փոխարեն չէր կռվելու Ղարաբաղում»։ Պուտինն ասել է․ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։ Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։
Մինչդեռ, Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ չի ունեցել ՀԱՊԿ-ից, հայկական կողմը հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։