Հունաստանի մայրաքաղաք Աթենքում դեկտեմբերի 3-4-ը կազմակերպվել են «Փարաջանովյան օրեր»՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿO-ի 2024-2025 թթ-ի Հոբելյանների ցանկում:
Միջոցառումներն անցկացվել են Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Միխալիս Կակոյանիս հիմնադրամի (MCF) մասնակցությամբ, Հույն կինոռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild-GDG) հետ համատեղ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Միջոցառումների շարքը մեկնարկել է Միխալիս Կակոյանիս հիմնադրամի սրահում, որտեղ ողջույնի խոսքով ներկաներին է դիմել հիմնադրամի մշակութային ծրագրերի և միջազգային համագործակցության համակարգող Ալեքսանդրա Գեորգոպուլոն։ Այնուհետ ցուցադրվել է ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի (1979, 1989) «Աշխարհումս» ֆիլմ-էսսեն և Փարաջանովի (1967թ.) «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթով մեկնարկել է միջոցառման երկրորդ հատվածը, որի ընթացքում ներկաները հիմնադրամի կենտրոնական սրահում հնարավորություն են ունեցել դիտել մեծ արվեստագետի աշխատանքների լուսանկարների ցուցահանդեսը, որոնք ներառում էին տարբեր ժամանակների Փարաջանովի նկարները և «Համլետի» ներկայացման բացառիկ էսքիզների լուսանկարները. վերջինները Հայաստանից դուրս ցուցադրվում էին առաջին անգամ։
Ընդունելությանը հաջորդել է հյուրասիրություն և հայկական խմիչքների համտեսում:
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլիմի ցուցադրությունը: Նախ՝ ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանի կինոռեժիսորների ընկերակցության ներկայացուցիչ Խրիստոս Քսենոսը, ով խոսել է Ս.Փարաջանովի ֆիլմերի առանձնահատկությունների և դրանց եզակի բնույթի մասին, այնուհետև հաջորդել է փարաջանովյան արվեստի և հատկապես «Նռան Գույնը» ֆիլմի վերաբերյալ քննարկում։
Կինոռեժիսոր, Հունաստանի հանրային ռադիոհեռուստատեսության լրագրող և «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի հեղինակ Թոմաս Սիդերիսը խոսել է Փարաջանովի կերպարի առանձնահատկությունների վեաբերյալ՝ հատկապես նշելով Փարաջանովի կողմից տարածության կիրառումը նաև «Նռան գույնը» ֆիլմում:
Ֆիլմերի ցուցադրություններն իրականացվել են Հայաստանի կինոկենտրոնի և Համաշխարհային Կինոֆոնդի աջակցությամբ։ Փարաջանովյան նկարների և էսքիզների ցուցադրությունը հնարավոր է դարձել Փարաջանովի թանգարանի աջակցության շնորհիվ։ Միջոցառումներին ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տ․ Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանի խորհրդարանի անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ։