Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,–գրել է Փաշինյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:
Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Երեկոյան Փաշինյանը և Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին: