10 դեկտեմբերի 2024 - 17:35 AMT
Ռուբինյան․ ՀՀ և Թուրքիայի գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են սահմանին

Նոյեմբերին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ գլխավոր բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել: Ռուբեն Ռուբինյանը ևս շատ մանրամասներ չի հայտնել։

«Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»,–ասել է նա

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները: Սա կողմերը համարում են վստահության ամրապնդմանն ուղղված քայլ: Բայց նույն նպատակով ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար դեռ թղթի վրա է: Չնայած սրան՝ հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրական ակնկալիքներից էր խոսում:

Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ ասել էր, որ հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից: Հայաստանն ակնկալում է ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, այլ նաև հարաբերությունների ամբողջական կարգավորում՝ առանց նախապայմանների: Թուրքիայից, սակայն, չեն թաքցնում՝ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ: Երկու օր առաջ նույնը պնդել է այդ երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ խաղաղության հաստատման համար կարևոր պայման համարելով նաև այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ու Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը: