Եվրամիությունը 1.5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հայերի կարիքների և ինտեգրման նպատակով՝ ի լրումն 2024-ի սեպտեմբերին հատկացված 13.5 միլիոն եվրո դրամաշնորհի:
Գումարը հատկացվել է «Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում, հայտնում է ԵՄ հայաստանյան գրասենյակը։
Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։