Դեկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը։ Այն կանցնի «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյուավետության ամրապնդումը» խորագրով:
Ֆորումը քննության է առնելու ռիսկերի գործոնները բացահայտելու և վերջիններիս ժամանակին արձագանքելու մարտահրավերները:
Համաժողովին ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա նշել է, որ պետք է բացառենլ ատելության խոսքն ու ցեղասպանության մտադրություններն ու գործողությունները։
Մոդերատորն է «Քաղաքացիները հանուն գլոբալ լուծումների» կազմակերպության գործադիր տնօրեն Ռեբեկկա Շութը։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշել է, որ ՀՀ–ն՝ որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջոցով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում, հայտնում է Արմենպրեսը։
Խաչատուրյանը հավելել է, որ ցավալիորեն մարդկության դեմ հանցագործությունները ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել քան այժմեական են։ Ըստ նրա՝ գլոբալ անվտանգության ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն ավելի քան արդիական է և պահանջված:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ ցավալիորեն միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում դրա ականատեսը եղանք ոչ միայն մոտ 110 տարի առաջ Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն 2023–ին, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց՝ մենք ականատես եղանք, թե ինչպես ատելության տարածումն ի վերջո խոսքից վերածվեց հանցագործության։
«Հայերի վերաբերյալ բերածս օրինակը տարածվում է բոլոր այլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների իրականացման հանգամանքների և պատճառների վրա, քանի որ այս հանցագործության հիմքերը, ազդակները, ռիսկի գործոնները բավականին միանման են»,- նշեց Միրզոյանը։
Համաժողովը երկօրյա է։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։