18 դեկտեմբերի 2024 - 11:57 AMT
Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի 2 կետ չենք համաձայնեցրել, որոնցից մեկը հայցերից հրաժարվելն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Իրականում խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այդ փաստաթղթոի 17 կետից 15–ը համաձայնեցված է, մնացել է 2–ը։ Կազանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպմանը այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու կետը համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել Հայաստանի կողմից՝ ես նկատի ունեմ մեր պայմանները։

Կետերից մեկը վերաբերում է միմյանց հանդեպ միջազգային հայցերից հրաժարվելուն, մյուսը՝ մեր սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայելուն»,–ասել է նա։

Միայն վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ մի շարք պահանջներ են ներկայացրել ՀՀ–ին՝ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հնչեցրած՝ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու պահանջից բացի, ԱԳ նախարար Բայրամովը ԵԱՀԿ–ում խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ–ում պետք է ավարտվի։