Արտգործնախարար Արարատ ՄիրզոյանըՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն ասել է, որ փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին առավել քան երբևէ կարիք կա բարելավելու տնտեսական փոխկապակցվածությունը, ինչը թույլ կտա տարբեր ոլորտներում, օրինակ՝ էներգետիկան, տրանսպորտը և առևտուրը, հաստատել ընդհանուր շահերի վրա հիմնված պրագմատիկ առևտրային կարգավորումներ:
Նա հայտարարել է, որ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,–ասել է Միրզոյանը։
Նա խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։
«Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին: Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,–ասել է Միրզոյանը։
Երևանն ու Անկարան 2021–ի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և մարդասիրական օգնության երկու խմբաքանակ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: