Պատել. Մինչև վարչակազմի պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա

Պատել. Մինչև վարչակազմի պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար ԱՄՆ ներդրած ջանքերին, հայտարարել է, որ ԱՄՆ գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:

Հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափված չէ արդյո՞ք, որ այդ ուղղությամբ ԱՄՆ ջանքերն արդյունք չեն տվել, Պատելն ասել է, որ չեն կենտրոնանում հիասթափությունների վրա, այլ շարունակում են աշխատել։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ բազում ոլորտներում արդյունքի հասնելու համար տքնաջան աշխատանք է պահանջվում։ Այդ ոլորտը շարունակում է կենսական նշանակություն ունենալ գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը», - ասել է Պատելը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Ալիևը նաև հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա նաև Ադրբեջանում 2025–ի համար նախատեսված և 5 մլրդ դոլար կազմող ռեկորդայիան ռազմական բյուջեի ընդունումն «արդարացրել է» Հայաստանի սպառազինմամբ Արևմուտքի կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---