Այս տարի Հանրային ՀԸ-ն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ամանօրյա ուղերձը նախատեսում է եթեր հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Դա գրանցված է Առաջին ալիքի կայքում տեղադրված ծրագրային ցանկում։
Դեռ հայտնի չէ՝ արդյոք հեռարձակման ժամն ընտրվել է երկու կողմի միջև համաձայնությամբ, թե՝ ՀԸ-ն սեփական նախաձեռնությամբ եթերաժամանակ է հատկացրել, հայտնում է Factor.am-ը։
Մայր աթոռից դեկտեմբերի 24–ին հայտնել էին, թե քննարկումներ կան։
Նախորդ տարի Առաջին ալիքի եթերում Գարեգին Բ-ի ուղերձը չհրապարակվեց։ Պատճառն այն էր, որ ՀԸ-ն ավանդական դարձած եթերաժամանակը փոխել էր՝ առաջարկելով, որ այն հեռարձակվի լրատվական թողարկման ընթացքում։ Մինչ այդ կաթողիկոսի խոսքը հեռարձակվում էր վարչապետի, իսկ նախկինում նախագահի ուղերձից առաջ։ Այս փոփոխությունը Հանրայինը նախորդ տարի բացատրել էր այն հանգամանքով, որ օրենսդրական կարգավորում չկա կաթողիկոսի ուղերձի հեռարձակման մասով։
Ծրագրային ցանկում կաթողիկոսի ելույթին նախորդում է ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի ելույթը։