«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվել է ՀՀ կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվել է ՀՀ կառավարությանը

PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12․5 տոկոսը փոխանցվել է ՀՀ կառավարությանը։ Դեկտեմբերի 27–ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։

Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի մոտ 1000 նոր աշխատատեղ, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։

«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», - նշել է Գևորգ Պապոյանը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում:

Ապրիլին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ «Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ 2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էին, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---