8 հունվարի 2025 - 18:18 AMT
Փոխքաղաքապետ․ 100 դրամը փետրվարի 1-ից էլ չի լինելու, ինչո՞ւ ժամկետը երկարացնենք

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով ուղևորատոմսերի QR կոդերի վավերականության ժամկետի կրճատման հնարավոր վերանայման հարցին, ասել է, որ դա իմաստ չունի, քանի որ փետրվարի 1–ից 100 դրամներ էլ չեն լինելու:

«100 դրամը փետրվարի 1-ից էլ չի լինելու, ինչո՞ւ ժամկետը երկարացնենք», –ասել է նա, հայտնում է «Առավոտը»։

Անդրադառնալով QR կոդերի վավերականության ժամկետի կրճատման մասին լայն իրազեկում չապահովելուն, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներին մեծ անհարմարություններ պատճառվեց՝ Գրիգորյանն ասել է, որ Ավագանու ոչ բոլոր որոշումների մասով է ինչ-որ հաղորդագրություն լինում։

«Բայց ձեզ չի խանգարում, որ որոշումներ լուսաբանեք: Երևանի քաղաքապետարանի կայքում, եթե ինչ-որ բան հրապարակվում է, դժվար է դրանից հետո պնդել, որ այդ տեղեկատվությունը չի հրապարակվել: Կա պաշտոնական խողովակ, դուք էլ գործի բերումով պարտավոր եք հետևել ու այդ պարտականության շրջանակում նաև լուսաբանում իրականացնեք»,–ասել է նա։

Նրա համոզմամբ՝ բովանդակային առումով մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքբերելուց հետո հենց երեք օրյա ժամկետում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք երկարաժամկետ լինեն։

«Նաև այդ խոսակցությունները, թե «ինադու» են կրճատել, որ այդ գումարները գնան Թելսելին, ժողովո՛ւրդ ջան, տոմսերի բոլոր գումարները գալիս են Երևանի քաղաքապետարանին»,–ասել է Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի տրանսպորտի վճարման QR ուղետոմսերի վավերականության ժամկետը դարձել է 4 օր։ Համակարգի ներդրման պահին վավերականության ժամկետը 30 օր էր, նոյեմբերին հայտարարեցին, որ դարձել է 7 օր, տարեվերջին կրկին կրճատելով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տրանսպորտի թանկացման հարցով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում է պատասխան։