Փաշինյան․ Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ

Փաշինյան․ Արևմտյան Ադրբեջան չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան՝ Արմավիրից այն կողմ

PanARMENIAN.Net - ՀՀ–ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ընտանեկան փոդքասթի» եթերում։

Նա նշել է, որ հակառակ պնդումը «ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ»։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ նույն կերպ էլ չի կարող լինել Արևմտյան Հայաստան Արմավիրից այն կողմ։

«Երբ ասում ենք Արևմտյան Հայաստան, մենք էլ պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է: Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է։ Որովհետև իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

 Ուշագրավ
---