Պետդեպը՝ ՀՀ հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին․ Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք

Պետդեպը՝ ՀՀ հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին․ Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունեն», հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև, կարո՞ղ են մանրամասնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությանն առնչվող գործընթացի մասին և վերջապես՝ արդյո՞ք Վաշինգտոնը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը Երևանի հետ ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք:

Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԱՄՆ հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասել էր, որ հայ-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական բնույթի չեն բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա։

«Մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը էս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում․․․ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների միջև»,–ասել է նա։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։ Նա նշել էր, որ համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---