Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի հասցեին։ Նա ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։
Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ, հայտնում է Արմենպրեսը։
Նա հույս է հայտնել, որ կարող է լինել արդար խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հայերի մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիմունքներով։
«Մենք նաև հավատում ենք, որ Հայաստանը անում է ամեն ինչ խաղաղությանն աջակցելու համար: Այժմ հարցը միջազգային հանրության և Մինսկի խմբի ուսերին է՝ ստիպել Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Անեմանսը։
Անդրադառնալով Ալիևի առաջ քաշած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի խեղաթյուրում՝ ուղղված այն տարածքների վրա իրավունքներ առաջ քաշելուն, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, գտնվում են Հայաստանի ինքնիշխանության ներքո: «Նախագահ Ալիևն ու նրա ռեժիմը բազմիցս ներկայացրել են այսպիսի տարածքային պահանջներ։ Այս նարատիվն օգտագործելով՝ նրանք արդարացնում են Արցախը բռնակցելն ու Հայաստանի նկատմամբ հետագա ռազմական ագրեսիան։ Նրանք ձգտում են զանգվածային վերաբնակեցմամբ փոխարինել էթնիկ հայերին ինչպես Արցախում, այնպես էլ այն տարածքներում, որոնք նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան»», - ասել է եվրախորհրդարանականը։
Անեմանսը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհառազմավարական նպատակն է իրենց միջև ուղղակի տարածքային կապ ապահովելը, իսկ Հայաստանը բառացիորեն կանգնած է նրանց ճանապարհին իր աշխարհագրական դիրքի պատճառով:
«Ալիևի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շատ խոսուն էին այս առումով: Նա բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս միջանցքով, որն անցնում է Հայաստանի տարածքով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը», - ասել է Անեմանսը։
Եվրապատգամավորը համոզված է՝ Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը, գաղափարախոսությունը և ռազմավարական ծրագրերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հնարավորինս ապահովի իր անվտանգությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և ԵԱՀԿ ՄԽ լուծարման «խաղաղության պայմանագիրն անհնար է»։ Նա այդ մասին հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված իր հարցազրույցում, որը լի էր սպառնալիքներով և հոխորտանքներով ՀՀ և հայ ժողովրդի հասցեին։ Նա ևս մեկ պայման է առաջ քաշել՝ նշելով, թե Ֆրանսիան և մյուս երկրները պետք է խզեն ՀՀ–ին զենքի մատակարարման պայմանագրերը, իսկ արդեն առաքված զենքը «պետք է հետ վերադարձվի»։ Նա հավելել է, որ Ադրբեջանն առանց խաղաղության պայմանագրի էլ կարող է ապրել և իր քաղաքականությունը վարել։