Իրանի ԱԽ քարտուղար․ Երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք

Իրանի ԱԽ քարտուղար․ Երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք

PanARMENIAN.Net - ՀՀ–ում գտնվող Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և այդ համատեքստում Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարներին:

Գոհունակությամբ արձանագրելով Հայաստան-Իրան երկկողմ զարգացող հարաբերությունները՝ զրուցակիցները քննարկել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և նախանշել համագործակցության նոր ուղիները: Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ:

Մինչ Հայաստան գալը Ալի Աքբար Ահմադիանն Ադրբեջանում էր։ Նրա այցի նպատակն էր, ըստ իրանական լրատվամիջոցների, անվտանգության, դիվանագիտության և քաղաքականության ոլորտներում կապերի ամրապնդումը:

 Ուշագրավ
---