ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների քննությունը հասել է «կոմունիկացիայի փուլ»։ Այդ մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2019-ի դեկտեմբերի 7-ին և 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ։
Ամբողջ գործընթացը, Հայկ Ալումյանի խոսքով, կարող է տևել մոտավորապես 6 ամիս։
«Գանգատների գերակշիռ մեծամասնությունը վերաբերում էին պարոն Քոչարյանին կալանավորելու հետ կապված որոշումներին։ Դրանց մի մասը ՄԻԵԴ–ում միացվել է մեկ վարույթում, և հիմա արդեն անցել ենք, այսպես կոչված` «կոմունիկացիայի փուլ»։ Դա այն փուլն է, երբ, Եվրոպական դատարանը, գտնելով, որ չկան գանգատներն անընդունելի ճանաչելու հիմքեր, դրանք ուղարկում է ՀՀ կառավարությանը և ներկայացնում խնդրի հետ կապված հարցադրումներ»,– պարզաբանել է փաստաբանը։
Կառավարությանը դիրքորոշումն ու փաստարկները ներկայացնելուց հետո Քոչարյանի փաստաբանները ևս հնարավորություն կստանան ծանոթանալու դրանց և ներկայացնելու իրենց դիրքորոշումը, ապա նաև կներկայացնեն փոխհատուցման չափի մասին պահանջ ու հիմնավորում։
Դիմող կողմի պահանջի մասին ևս կառավարությունը կներկայացնի իր դիրքորոշումը, որից հետո ՄԻԵԴ–ը կհրապարակի վճիռը։
Փաստաբանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը գանգատի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է ներկայացներ դեռ 2024թ–ի դեկտեմբերին, բայց ՄԻԵԴ–ից լրացուցիչ ժամանակ է խնդրել։
«Դատարանը կառավարությանը տրամադրել է լրացուցիչ ժամկետ` մոտավորապես 1 ամիս։ Ամեն դեպքում, մոտ ժամանակներս կառավարությանը տրված լրացուցիչ ժամկետը լրանում է, և կառավարությունը պետք է իր առարկությունները ուղարկի Եվրոպական դատարան։ Դատարանն էլ դրանք կուղարկի մեզ»,– նշել է Ալումյանը։
«Մարտի 1-ի գործ» պայմանական անունն ստացած քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով։ 2021թ–ի մարտին ՍԴ–ի որոշմամբ տվյալ հոդվածը որակվել էր Սահմանադրությանը չհամապատասխանող, ինչի արդյունքում Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, գործը` կարճվել։