11 հունվարի 2025 - 11:22 AMT
Բաբայան․ Ձերբակալությունները միտված են թույլ չտալու Վանեցյանին օգտվել օրենքով թույլատրելի ծառայությունից

Իրավապաշտպան, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան եթերում, անդրադառնալով իրեն և ևս մի քանի անձի ձերբակալությանը, նշել է, որ նույն մեղադրանքով նույն անձանց նույն ավտոմեքենայով ձերբակալում են արդեն 4–րդ անգամ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածով, մինչդեռ նրանք համապատասխան լիցենզիա ունեցող անվտանգության աշխատակիցներ են։

Հունվարի 10–ին փաստաբան Արսեն Բաբայանը, որ ընդդիմադիր գործիչների պաշտպանությամբ է զբաղվում, ձերբակալվել է, ապա ազատ արձակվել, իսկ իր հետ մեքենայում եղած մարդիկ ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Բաբայանը ներկայացրել է իր կարծիքը ձերբակալության իրական պատճառի մասին՝ նշելով, որ դա միտված է «թույլ չտալու Արթուր Վանեցյանին օգտվել օրենքով թույլատրելի ծառայությունից»։

Նա պարզաբանել է, որ Վանեցյանը ևս օգտվում է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի սահմանած ծառայություններից և որ այդ օրենքով պահպանվող անձին կարող է ուղեկցել մեքենա, որում կարող է լինել ոչ ավելի, քան 3 անվտանգության աշխատակից։

«Չնայած ՀՀ օրենքով սահմանված այս դրույթին՝ ոստիկանությունը, իշխանության հրահանգով, արդեն չորրորդ անգամ ձերբակալում է այդ անձանց իբր ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածով։ Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծնվել է միտք, որ հենց Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենք ծառայություններից։ Ակնհայտ է, որ սա ուղիղ քաղաքական նպատակ է հետապնդում»,–ասել է նա։

Բաբայանը հավելել է, որ ձերբակալվածները լիցենզավորված ծառայության անվտանգության աշխատակիցներ են, որոնք զենք կրելու իրավունք ունեն, որոնց տվյալներն առկա են ոստիկանության և ԱԱԾ համապատասխան բազաներում։