16 հունվարի 2025 - 12:24 AMT
Իսրայելը և ՀԱՄԱՍ–ը հրադադարի մասին պատմական համաձայնության են եկել

Իսրայելը և ՀԱՄԱՍ–ը հրադադարի վերաբերյալ պատմական համաձայնություն են կնքել՝ ավարտելով Գազայի ավերիչ 15-ամսյա պատերազմը, որը գրեթե 50,000 մարդու կյանք է խլել և լարվածություն է առաջացրել ամբողջ Մերձավոր Արևելքում, հայտնում է Independent-ը։

Համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանիի միջնորդությամբ, որն առանձին հանդիպումներ է անցկացրել ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի ներկայացուցիչների հետ։ Կատարը կարևոր դեր է խաղացել համաձայնության ձեռքբերման գործում։

Կատարի առաջնորդը մամուլի ասուլիսում ասել է, որ այն ուժի մեջ կմտնի հունվարի 19–ին ու կախված կլինի երկու կողմերի «բարի կամքից»՝ հաջողությամբ կյանքի կոչվելու համար։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արագ արձագանքել է Truth Social-ում՝ հայտարարելով․ «պատանդների համար համաձայնություն ունենք»։

Համաձայնությունը նախատեսում է ՀԱՄԱՍ–ի կողմից 33 պատանդի ազատ արձակում 42 օրվա ընթացքում՝ փոխարենը Իսրայելը ազատ կարձակի համապատասխան քանակով պաղեստինցի բանտարկյալների։ Երկրորդ փուլը կկենտրոնանա մնացած պատանդների ազատ արձակման և մշտական հրադադարի շուրջ բանակցությունների վրա։

Պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Համասի հարձակմամբ Իսրայելի հարավում, որը 1200 մարդու մահվան և 250 պատանդների առևանգման պատճառ դարձավ։ Իսրայելի պատասխան հարվածները Գազայում խլել են 46,700 պաղեստինցու կյանք՝ տեղահանելով 2.3 միլիոն բնակչի 90 տոկոսը։

Գազայի ենթակառուցվածքներն ավերվել են։ Հիվանդանոցները դժվարությամբ են գործում, իսկ որոշ շրջաններում նշվում է սովի վտանգ։ Հակամարտությունը տարածվել է տարածաշրջանում՝ Իրանի աջակցությամբ գործող խմբերի ներգրավմամբ։ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի և «Հեզբոլլահի» առաջնորդներին՝ ամրապնդելով իր դիրքերը բանակցություններում։

Photo. AP