Կառավարությունը հաստատել է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է․ «Բռնություն գործադրած մարդկա՞նց ենք ռեաբիլիտացնում»։
Նա հավելել է, որ «ծրագրի նպատակն է նաև կրթության կամ հոգեբանական կամ այլ գործիքների միջոցով կանխարգելել հետագայում նման վարքագիծը և դեպքերի կրկնությունը»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է ծրագրի հիմնական նպատակները՝ նշելով, որ այն նախատեսվում է իրականացնել 2026 թվականից։ Ստեփանյանի խոսքով, ծրագիրը կտրամադրի սոցիալական և հոգեբանական աջակցություն բռնարարներին՝ նպաստելով նրանց վարքի փոփոխությանը և կանխելով նոր բռնությունների կրկնությունը:
«Ծրագրով մեծ հաշվով նպաստելու ենք ընտանեկան բռնության զոհերի ապահովությանն ու անվտանգությանը, ընտանեկան կենցաղային բռնություն գործադրած անձի վարքի փոփոխությանը՝ նվազեցնելու բռնության կրկնման ռիսկը»,–ասել է նա:
Ծրագրի թիրախային շահառուները լինելու են ընտանեկան կամ կենցաղային բռնություն գործադրած այն անձինք, որոնց նկատմամբ ոստիկանության կողմից կայացվել է նախազգուշացում, անձինք, որոնց նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է պաշտպանական որոշում:
«Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքում, երբ բռնությունը կիրառվում է առաջին անգամ և չկա հիմնարար ենթադրություն, որ բռնությունը կկրկնվի: Իսկ պաշտպանական որոշումը բացառապես դատարանի հիմքով կայացված որոշում է, և բռնության ենթարկված անձին բռնարարքից հեռու պահելու համար կազմակերպությունը կամ անձը կարող է պաշտպանական որոշման համար դիմել դատարան կամ խնամակալության հոգաբարձության մարմին, և այդ դեպքում ռեաբիլիտացիան կհամարվի պարտադիր»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը:
Վարչապետն ընդգծել է նաև հանրության շրջանում ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու կարևորությունը: