Միրզոյանը հուսով է՝ ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը կծառայի որպես ապագա համագործակցության ճանապարհային քարտեզ

Միրզոյանը հուսով է՝  ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը կծառայի որպես ապագա համագործակցության ճանապարհային քարտեզ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,- գրել է նա, հայտնում է Արմենպրեսը։

ԱԳ նախարարը հավելել է, որ ստորագրված փաստաթուղթը պետք է դառնա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման վկայություն և կողմերի համար ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի քարտեզ։

«Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,- նշել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ այս համաձայնագիրը ձևավորում է ամուր հիմք երկու երկրների համագործակցության համար և ընդգրկում է մի շարք կարևոր ոլորտներ, ներառյալ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության ու օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկային շփումների ընդլայնում։

Հայաստանը հուսով է, որ այս համաձայնագիրը կդառնա երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր երաշխիք և համատեղ ձեռքբերումների հիմք։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։

Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։

 Ուշագրավ
---