Զախարովա․ Երբևէ խոսք չի եղել ՀՀ–ում արտատարածքային միջանցքներ ստեղծելու մասին

Զախարովա․ Երբևէ խոսք չի եղել ՀՀ–ում արտատարածքային միջանցքներ ստեղծելու մասին

PanARMENIAN.Net - Երևանի արձագանքը «Շաբաթվա լուրեր» ծրագրի թողարկմանը զարմացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։ Վերջինս ընդգծել է, որ խոսքը լրագրողի տեսակետի մասին է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ՝ կապված հունվարի 12-ի հաղորդման հետ։ Հայկական կողմը հայտարարել էր, որ հաղորդման մեջ հնչել են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող արհեստական նարատիվներ։

Զախարովան ընդգծել է, որ երբևէ խոսք չի եղել Հայաստանում արտատարածքային միջանցքներ ստեղծելու մասին։ Ընդհակառակը, ամրագրվել է, որ երկրներն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ ինքնիշխանություն և իրավազորություն։

«Միշտ լսել ենք Երևանից, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, առավել ևս, որ գործող իշխանությունները դա դարձրել են իրենց առաջնահերթությունը։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը լավ հայտնի է Երևանին», - նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման օգտին՝ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների մասին է։

«Ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիները։ Հայաստանը երաշխավորում է ապահովել անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղությամբ քաղաքացիների և բեռների անխոչընդոտ տեղաշարժի նպատակով։

Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կատարում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ՝ նախատեսվում է կառուցել նոր տրանսպորտային ճանապարհներ, որոնք կապելու են Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ», - ավելացրել է Զախարովան։

Նա նշել է, որ այս դրույթները հանդիսանում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների ղեկավարած եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքը։ Խումբը արդեն հասել է էական արդյունքների՝ մոտենալով երկաթուղային կապի վերականգնմանը։

«Ցավոք, արևմտյան երկրների ավերիչ ազդեցության և հայկական կողմի որոշումների պատճառով խմբի աշխատանքը դադարեցվել է», - նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցության արագ վերսկսումը հնարավորություն կտա վերականգնել տարածաշրջանի տրանսպորտային համակարգը և նպաստել նրա սոցիալ-տնտեսական զարգացմանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---