17 հունվարի 2025 - 10:18 AMT
Ռուբեն Վարդանյան. Ոչ մի ցուցմունք չեմ տվել, իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ում գործով հունվարի 17–ին Բաքվում նախատեսված է դատական նիստ, հայտնել է ադրբեջանական բանտում իր պահման պայմանների և իր իրավունքների խախտումների մասին։ Ուղերձը, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ընտանիքին փոխանցվել է հեռախոսազրույցի միջոցով։

Նա հայտարարել է, որ ոչ մի ցուցմունք չի տվել և որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։

«Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»,- շեշտել է Վարդանյանը՝ պնդելով իր անմեղությունը և հայտարարելով, որ այս գործը քաղաքականացվել է։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող Վարդանյանն ընդգծում է, որ իր ազատազրկման 470 օրերից 340-ը անցկացրել է մենախցում, իսկ 23 օրը՝ պատժախցում։ Նրա պնդմամբ՝ իրեն տեղեկացրել են, որ իր դեմ ներկայացված 42 մեղադրանքներից մի քանիսը ենթադրում են ցմահ ազատազրկում։

«Մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին», - նշել է Վարդանյանը։

Նա նաև ավելացրել է, որ իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա ճնշումներ են գործադրվել՝ ստիպելով ստորագրել փաստաթղթեր հետին թվով, ներառյալ կեղծ հարցաքննությունների արձանագրություններ։

Նախկին պաշտոնյան մի շարք պահանջներ է առաջադրել, այդ թվում՝ իրեն և իր փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով, չեղարկել կեղծ փաստաթղթերը, դատավարությունը կազմակերպել բաց ձևաչափով՝ միջազգային լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությամբ։ Նա նաև պահանջել է իր գործը միավորել մյուս մեղադրյալների գործերի հետ։

«Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում: Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին»,- նշված է ուղերձում։

Վարդանյանը եզրափակել է իր հայտարարությունը՝ շեշտելով. «Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է»։

Ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման արդյունքում գերեվարված 16 անձ։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և այլ պաշտոնյաներ։ Բաքուն նրանց առաջադրել է ծանր մեղադրանքներ, ներառյալ ահաբեկչություն և ապօրինի զինված խմբավորումների կազմակերպում։