17 հունվարի 2025 - 10:45 AMT
Ինյարիտու․ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությունը

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, անդրադառնալով Հայաստանի հասցեին Ադրբեջանից հնչող սպառնալիքներին և այդ երկրի տարածքային հավակնություններին, ասել է, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողություններն ու հռետորաբանությունը բացահայտում են Բաքվի վարքագիծը, որը հաճախ ստեղծում է զինված հակամարտությունների հիմքեր։

Իսպանացի պատգամավորի կարծիքով՝ Բաքվի այս պահվածքը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության և միջազգային կարգի համար, հայտնում է Արմենպրեսը։

Ինյարիտուն կարևորել է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում բացահայտ խոսել է Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին:

«Իմ կարծիքով՝ հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակավ արտահայտել է այդ մտահոգությունը։ Վերջին տարիներին Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը բացահայտում են Իլհամ Ալիևի վարչակարգի ինքնակալ ու ավտոկրատ վարքագծին բնորոշ օրինաչափությունը, որը հաճախ զինված հակամարտությունների նախադրյալ է հանդիսանում»,-նշել է նա։

Պատգամավորը շեշտել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետագա էթնիկ զտումների ժամանակ Ադրբեջանը վայելել է Թուրքիայի լիակատար աջակցությունը։

«Պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետագա էթնիկ զտումների ժամանակ Ադրբեջանը ստացավ Թուրքիայի լիակատար աջակցությունը և միջազգային հանրության մեծ մասի կողմից բախվեց միայն պասիվ անտարբերության։ Պատասխանատվության ենթարկվելու բացակայությունը քաջալերել է Ալիևի վարչակարգին՝ ամրապնդելով նրա համոզմունքը, թե կարող է գործել անպատիժ՝ անտեսելով միջազգային իրավունքը և մարդու իրավունքները»,-նշել է Ջոն Ինյարիտուն։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը պատմական ռևիզիոնիզմի վառ օրինակ է։

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ադրբեջանի նարատիվը պատմական ռևիզիոնիզմի վառ օրինակ է, մարտավարություն, որը հաճախ օգտագործում է Ալիևի ավտոկրատական վարչակարգը՝ արդարացնելու իր ագրեսիվ քաղաքականությունը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է պատմական Հայաստանի միայն մի մասը՝ հազարամյա բնիկ ժողովրդի հայրենիքը, որը դարերի ընթացքում բազմիցս ենթարկվել է բնաջնջման և տեղահանման»,-նշել է նա։

Պատգամավորը նշել է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի սերտ ռազմավարական կապերը, որոնք հաճախ ընդգծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությամբ, լրջորեն վտանգում են տարածաշրջանում հայկական ինքնության և պատմության պահպանումը։

«Պատմության ընթացքում հայ ժողովրդի բնաջնջման և տեղահանման գործողություններն, անկախ նրանից՝ դրանք իրականացվել են օսմանյան թուրքերի կողմից անցյալում, թե այսօր Ադրբեջանի կողմից, տարածաշրջանում հայկական պատմությունն ու ինքնությունը ջնջելու ավելի լայն փորձի մաս են կազմում»,-ավելացրել է Ինյարիտուն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։