ՀՀ–ն նոր ապացույցներ կուղարկի ՄԻԵԴ և ԱՄԴ՝ կապված հայ գերիների դատավարությունների հետ

ՀՀ–ն նոր ապացույցներ կուղարկի ՄԻԵԴ և ԱՄԴ՝ կապված հայ գերիների դատավարությունների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ և ԱՄԴ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ։ Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Գրասենյակը հիշեցրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դեմ հարուցված գործերի շրջանակում սկսված դատավարությունների առնչությամբ, որ Հայաստանը 2022 և 2024 թվականներին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) երկու միջպետական գանգատ է ներկայացրել։ Դրանք ուղղված են Ադրբեջանում ապօրինի մեղադրվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների ապահովմանը։

Ըստ գրառման՝ շարունակում են ուժի մեջ մնալ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2021թ․ դեկտեմբերի 7-ի և 2022թ․ հոկտեմբերի 12-ի որոշումները, որոնցով կիրառվել են ժամանակավոր միջոցներ։ Դրանք ընդգրկում են Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգության ապահովումը և օրենքի առջև հավասարության պահպանումը։

«ՄԻՀՆ գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ Տեղեկացնում ենք, որ ըստ սահմանված ընթացակարգի Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ եւ պահանջներ»,–ասվում է գրառման մեջ։

Բաքուն հաստատել է 23 հայ գերու առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Ռուբեն Վարդանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Հունվարի 17–ին մեկնարկել է նրանց դատավարությունը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։

 Ուշագրավ
---