20 հունվարի 2025 - 11:21 AMT
Մարության․ Որոշել ենք բոյկոտի ձևը՝ փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու նստում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան եթերում կոչ է արել բոյկոտել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։

Իր հրապարակած տեսանյութում Մարությանը ներկայացրել է նաև բոյկոտի ձևը՝ նշելով, որ վարորդները ոչ մի իրավական հիմք չունեն խոչընդոտելու կամ պահանջելու իջնել։

«Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը դնում ենք ավտոբուսի առջևի մասի վահանակի վրա և անցնում առաջ: Վարորդների հետ ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում, որովհետև նրանք էլ այս խայտառակ որոշումից տուժած կողմերից են»,- նշել է Մարությանը։

Նա հավելել է, որ պարտադիր չէ 100 դրամանոցով վճարել, դա կարելի է անել նաև 50 դրամանոցներով։

Մարությանը հորդորել է քաղաքացիներին միանալ այս նախաձեռնությանը։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։