20 հունվարի 2025 - 12:21 AMT
Հռոմի պապը քննադատել է Թրամփի արտաքսման ծրագրերը՝ դրանք անվանելով «խայտառակություն»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը՝ անօրինական ներգաղթյալների արտաքսման ծրագրերն անվանելով «խայտառակություն», հայտնում է CNN–ը։

Իտալական հեռուստատեսությամբ հարցազրույցի ընթացքում Պապը անդրադարձել է Թրամփի կողմից ներգաղթի վերաբերյալ պլանավորված հրամաններին, որոնք ուժի մեջ են մտնելու նրա երդմնակալությունից հետո։

Ֆրանցիսկոսը նշել է․ «Եթե դա ճիշտ է, դա կլինի խայտառակություն։ Դա ճիշտ ճանապարհ չէ»:

Ֆրանցիսկոսի համար ներգաղթյալների պաշտպանությունը նրա առաքելության առանցքային մասն է եղել։ Այս հարցը նրա համար նաև անձնական բնույթ ունի։ Իր ինքնակենսագրությունում նա հիշատակել է իր տատիկ-պապիկների և հոր պատմությունը, ովքեր 1927 թվականին մտադիր են եղել Իտալիայից արտագաղթել Արգենտինա և հրաշքով են խուսափել են Principessa Mafalda նավի խորտակումից և դա արել են ավելի ուշ։

Չիկագոյի կարդինալ Բլեյս Կուպիչը ևս քննադատել է զանգվածային արտաքսումների մտադրությունը՝ համամիտ լինելով Ֆրանցիսկոսի տեսակետին։ Նույնիսկ ավելի վաղ, Ֆրանցիսկոսը ներգաղթի վերաբերյալ Թրամփի կարծիքն անվանել էր «ոչ քրիստոնեական»։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ իր վարչակազմը կսկսի լուծել ապօրինի ներգաղթի խնդիրը առանց հապաղելու։ Նա հայտարարել է, որ արդեն իր պաշտոնակալության օրը՝ հունվարի 20-ին, «սահմանի միջոցով ներխուժումը» կդադարեցվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք պետք է մեր երկիրը դնենք ճիշտ ուղու վրա։ Մինչև երկուշաբթի երեկոյան արևի մայր մտնելը մեր սահմանների միջով ներխուժումը կդադարի», – հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ Վաշինգտոնում՝ պաշտոնակալության նախօրեին։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է հրապարակել գաղտնազերծված նյութեր, որոնք վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։