Ավտոմեքենաների ապահովագրավճարներն ու հատուցման չափերը 2024–ին աճել են![]() 20 հունվարի 2025 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ապահովագրավճարների միջին չափն 2024-ի նոյեմբերի տվյալներով կազմել է մոտ 40 հազար դրամ՝ 2023 թվականի առաջին 11 ամսվա համեմատ աճելով մոտ 5-6 տոկոսով։ Այդ մասին հայտնել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ գույքային հատուցումների միջին չափն ավելացել է 12․5 տոկոսով։ Ապահովագրավճարների ավելացման պատճառները, ըստ Եղիազարյանի, կապված են ընկերությունների կողմից տարբեր գործոնների հիման վրա սակագին սահմանելու հետ։ «Մի ընկերություն շատ խմբերի է բաժանում, մյուսը՝ քիչ, տարբեր չափանիշներ հաշվի առնելով, օրինակ, որտեղ է գտնվում մեքենան, վարորդի տարիքը, փորձը, մեքենայի մոդելը և այլն։ Դրանից էլ ձևավորվում է սակագինը։ Այդ ամենն իրականացվում է հրապարակային, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ, թե ինչու է այդպես ստացվում։ Մեծ կամ փոքր լինելը կախված է իրենց բիզնես-մոդելից։ Մի ընկերություն, օրինակ, մարզերում տարածվածություն ունի, որտեղ կարողանում է ավելի լավ պայմաններ առաջարկել, որպեսզի ունենա մրցակցային առավելություն, մյուսն էլ՝ հնարավոր է մարզերի համար մի քիչ ավելի բարձր սակագին սահմանի, որ ավելի շատ Երևանում սպասարկում իրականացնի։ Մեկ այլ ընկերություն ցանկանում է քիչ ռիսկի դիմել, թեկուզ քիչ եկամուտ ունենալով, ուստի ավելի քիչ ռիսկային ապահովադիրներին է լավ սակագին առաջարկում»,-նշել է Եղիազարյանը՝ ընդգծելով նաև «ASWA» համակարգի կարևորությունը, որը թույլ է տալիս առցանց պայմանագիր կնքել։ Ապահովագրական ընկերությունների վնասով աշխատելու խնդիրը ևս շոշափվել է զրույցում։ Եղիազարյանը հիշեցրել է, որ ոլորտի սկզբնական փուլում ընկերությունները հաճախորդներին գրավելու նպատակով առաջարկում էին ցածր սակագներ։ «Երբ սակագնային քաղաքականությունն ազատականացվեց, ընկերությունները փորձեցին շատ գրավիչ առաջարկներ անել, թեկուզ՝ ի վնաս իրենց, որի արդյունքում վնասով էին աշխատում։ Հավաքագրված վճարների 90 տոկոսը և ավելին հատուցմանն էին ուղղում, մինչդեռ՝ աշխատավարձեր պիտի տային, բազմաթիվ գործառնական ծախսեր անեին, հարկեր վճարեին»,-նշել է նա։ Չնայած այս դժվարություններին՝ ԱՊՊԱ ոլորտի փորձը Հայաստանում հնարավորություն է տվել հաճախորդամետ մնալ։ «Այսինքն՝ գները ոչ թե միանգամից բարձրացան, այլ հակառակը՝ միանգամից իջան, իսկ հետո մի քիչ աճեցին, որպեսզի տրամաբանական բիզնես առաջարկ արվի»,-ընդգծել է Եղիազարյանը։ Նախորդ տարվա նոյեմբերի տվյալներով, ապահովագրական ընկերությունները իրենց ստացած վճարների 81․5 տոկոսը հատկացրել են հատուցումների համար, մնացած գումարը՝ հարկերին, աշխատավարձերին և գործառնական ծախսերին։ Անդրադառնալով ոլորտում կատարված փոփոխություններին՝ Եղիազարյանը նշել է վնասի շեմի բարձրացումը։ Նախկինում մինչև 200 հազար դրամի չափով վնասի դեպքում կողմերը կարող էին կնքել համաձայնագիր, մինչդեռ այժմ այդ շեմը դարձել է 400 հազար դրամ։ Սա, ըստ նրա, թույլ է տվել համաձայնագրերի կնքման ցուցանիշն ավելացնել մոտ 4 տոկոսով։ «Դրա նպատակն այն էր, որ պատահարների հետևանքով առաջացած խցանումները մի քիչ կրճատվեն։ Այդուհանդերձ, միայն դրանով դժվար է հասնել կրճատման։ Այդ ուղղությամբ մենք անցած տարի բազմաթիվ այլ քայլեր ենք ձեռնարկել, ոստիկանության հետ տարբեր քննարկումներ են եղել, որպեսզի պատահարների դեպքում, մասնավորապես, հնարավորինս օգտագործվեն խաչմերուկների տեսանկարահանող սարքերը։ Այսինքն՝ դրա առկայության դեպքում մարդիկ կարող են զանգահարել ոստիկանություն, տեղեկացնել պատահարի մասին և, եթե այդտեղ կա սարքը, կարելի է մի կողմ տանել վթարված մեքենաները, որից հետո ոստիկանը կգա ու կգրանցի։ Հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,-հայտնել է Եղիազարյանը։ Եղիազարյանը նաև նշել է նոր ծրագրերի զարգացումը, որոնք կօգնեն վարորդներին արագ և հարմար ձևով լուծել վթարների հետևանքով առաջացած խնդիրները։ «Այդ ամենը միտված է լինելու, որ հնարավորինս կարճ տևի պատահարից հետո մեքենաների մնալը երթևեկելի մասում»,-ընդգծել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |