21 հունվարի 2025 - 12:10 AMT
2024–ին հայերը կազմել են Վրաստան այցելող զբոսաշրջիկների 12․8 %-ը

Վրաստանի զբոսաշրջության համար 2024 թվականը եղել է ռեկորդային՝ երկիրն ընդունել է մոտ 7․4 մլն միջազգային ճանապարհորդի, որից 5.1 միլիոնը՝ զբոսաշրջիկ։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մայա Օմիաձեն, գրում է Sputnik-georgia-ն։

Օտարերկրյա զբոսաշրջիկների թվում առաջին տեղում շարունակում են մնալ ռուսաստանցիները՝ կազմելով ընդհանուր թվի 19․2 տոկոսը, չնայած նրանց այցելությունների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է միայն 0․2 տոկոսով։ Երկրորդ տեղում են թուրք զբոսաշրջիկները (18․1 տոկոս), իսկ երրորդ տեղը զբաղեցրել են հայերը՝ ընդհանուր թվի 12․8 տոկոսը։

Օմիաձեն նշել է, որ Վրաստանը 2025–ին կշարունակի տարբեր երկրներից զբոսաշրջիկների ներգրավման աշխատանքները։

Վրաստանի եկամուտը միջազգային զբոսաշրջությունից 2024 թվականին կազմել է 4․4 միլիարդ դոլար, ինչը 7․3 տոկոսով (300 մլն դոլարով) գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը։