21 հունվարի 2025 - 16:16 AMT
ԱԺ նախագահ․ ԵԱՏՄ-ն տնտեսական տեսանկյունից շահավետ է ՀՀ համար՝ ուզում ենք շարունակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական տեսանկյունից շահավետ է Հայաստանի համար, և որ այդ կառույցը լքելու որևէ միտում չկա։

«Ուզում ենք շարունակել, իսկ ՀԱՊԿ-ի մասին նոր բան չեմ կարող ասել»,- եզրափակել է Սիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ԵՄ հետ երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՀՀ կառավարության որոշմանը՝ Ազգային ժողովի նախագահ ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդի կամքն է որոշել՝ սկսել ԵՄ-ին անդամակցելու գործընթաց։

«Մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք ու որոշում ենք կայացնելու»,- ասել է նա։

Սիմոնյանը նաև նկատել է, որ ռուսական կողմը չպետք է այդքան մտահոգված լինի նման որոշմամբ։

«Չեմ կարծում, որ որևիցե ձևով համագործակցությունը համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ։ Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ՝ չկա այդպիսի խնդիր, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող իրար հետ քննարկել, կարող ենք քննարկել ու լուծումներ գտնել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր շահերից բխող օրենքները։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն:

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։