21 հունվարի 2025 - 17:18 AMT
Արման Ծառուկյանը մանրամասներ է ներկայացրել իր վնասվածքի մասին, որի պատճառով հրաժարվել է Մախաչևի հետ մենամարտից

Խառը մենամարտերի (MMA) հայտնի մարզիկ Արման Ծառուկյանը մանրամասներ է ներկայացրել իր վնասվածքի մասին, որը ստիպել է նրան հրաժարվել ՌԴ–ն ներկայացնող Իսլամ Մախաչևի հետ սպասվող տիտղոսային մենամարտից։

«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը մարզումից հետո գնացի քնելու և սկսեցի ցավ զգալ մեջքիս ներքևի հատվածում: Դրա պատճառով ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Հաջորդ օրը մտածեցի, որ ամեն ինչ կարգին կլինի և մամուլի ասուլիսից հետո սկսեցի քաշ գցել: Մարզվում էի հեծանիվի վրա, երբ մեջքս բռնվեց, չէի կարողանում շարժվել»,- ինսայդեր Արիել Հելվանին պատմել է Ծառուկյանը, հայտնում է Auroranews.am-ը։

Ծառուկյանը ստիպված է եղել չմասնակցել սպասված պայքարին, իսկ Իսլամ Մախաչևի հետ փոխարենը մրցել է բրազիլացի մարզիկ Ռենատո Մոյկանոն։ Ռուս մարզիկը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը:

Լոս Անջելեսում նախատեսված էր երկու մարզիկների երկրորդ մենամարտը։ Առաջինը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ Մախաչովը հաղթել է Ծառուկյանին։

28-ամյա Արման Ծառուկյանը մինչ այժմ անցկացրել է 25 պրոֆեսիոնալ մենամարտ, որոնցից հաղթանակ է տարել 22-ում։