ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ նոր կարևոր հրաման է ստորագրվել՝ մինչև 300,000 դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։
Նա ընդգծել է, որ այս կարգավորումը վերաբերում է բացառապես չհարկվող գործարքներին և կապ չունի աշխատավարձի հետ։
«Սահմանվել է մինչև 300 հազար դրամ շեմ: Այսինքն, մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն: Մենք փորձել ենք նայել բանկային համակարգում փոխանցումներն ինչ պատկեր ունեն, և, տարբեր գնահատականներով, ծանրակշիռ մեծամասնությունը տեղավորվում է այդ շեմի մեջ»,- ասել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ–ը պարզաբանել է, որ հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։
«Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա»,–ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա՝ 2024թ․ եկամուտները: