22 հունվարի 2025 - 12:22 AMT
ԵԽ պատգամավոր․ Պետք է ուժեղացնել ՀՀ–ին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին ասել է, որ Հայաստանը կանգնած է բարդ իրավիճակի առաջ, որտեղ վտանգված են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարական արժեքները։ Նա հավելել է, որ այս պայմաններում Եվրոպական միությունը պարտավոր է գործել՝ ամրապնդելով Հայաստանի և Եվրոպայի կապերը և պաշտպանելով հայ ժողովրդի իրավունքները, հայտնում է Արմենպրեսը։

Բելյամին նշել է, որ ԵՄ առաքելության գործունեության ժամկետը պետք է երկարաձգվի, և անհրաժեշտ է Հայաստանի համար պաշտպանական միջոցներ տրամադրել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։

«Հայաստանին տրամադրվող օգնությունը պետք է ներառի զինամթերք, սարքավորումներ և պաշտպանական միջոցներ։ Սա ոչ միայն կուժեղացնի Հայաստանի անվտանգությունը, այլև ցույց կտա Եվրոպայի վճռականությունն այս կարևոր պահին»,- եզրափակել է պատգամավորը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնք ուղղված էին Հայաստանի տարածքում գործող ԵՄ դիտորդական առաքելությանը, Բելյամին դրանք որակել է որպես սպառնալիք ոչ միայն Հայաստանի, այլ նաև Եվրոպական միության անդամ պետությունների համար։

«Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը երկար ժամանակ է, ինչ անհրաժեշտ վճռականությամբ չի արձագանքում Ադրբեջանի վարքագծին, մինչդեռ Եվրոպական խորհրդարանը շատ ավելի հստակ է եղել՝ դատապարտելով նման հայտարարությունները»,- ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել այն պատգամավորների հասցեին, ովքեր այցելել էին հայ-ադրբեջանական սահման՝ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը դիտարկելու համար։ Դեսպանը հրապարակել էր դիպուկահարի նկարը՝ ակնարկելով, թե ինչ կարող է սպառնալ առաքելություններին մասնակցած պատգամավորներին։

«Այսօր մենք կանգնած ենք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության դեմ, բայց մեզ համար առաջնայինը Եվրոպական հանձնաժողովի գործուն արձագանքն է։ Բաքվի ռեժիմի հետ կնքված գազային պայմանագրերը, որոնք խոչընդոտում են Հանձնաժողովի վճռականությանը, իրական պատրանք են։ Ադրբեջանն ավելի շատ է կախված Եվրոպայից, քան Եվրոպան՝ Ադրբեջանից»,- նշել է Բելյամին։

Նա խոսել է նաև էներգետիկ կարիքների պատճառով ԵՄ կառույցներում առաջացած բաժանումների մասին՝ ընդգծելով, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է վերջապես գործի՝ համապատասխան պատասխանատվությամբ։

«Ինչպես մենք պատժում ենք Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում, նույն որոշակիությունն անհրաժեշտ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանը ժողովրդավարություն է և կապված է Եվրոպական արժեքների հետ, ուստի դա նաև Եվրոպայի անվտանգության հարցն է»,- ասել է պատգամավորը։

Բելյամին, լինելով Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցության փոխնախագահը, նշել է, որ իր խմբակցությունն արդեն առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ խորհրդարանում քիչ էր խոսվում Հայաստանի մասին, բայց այսօր իրավիճակը փոխվել է։

«Մեր անընդհատ աշխատանքն ու հայ ժողովրդի տոկունությունն արդեն արդյունք են տվել. այժմ շատ քիչ են նրանք, ովքեր համարձակվում են պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը»,- ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական անդամակցության հեռանկարներին՝ պատգամավորը շեշտել է, որ ընդլայնման գործընթացը Եվրոպայում կանգ է առել, և ներկայում կան բազմաթիվ ներքին խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, նա կարևորել է գործնական քայլերը՝ հատկապես տնտեսական համագործակցության, վիզաների ազատականացման և անվտանգության ոլորտում։