Պիպոյան. Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժեցին

Պիպոյան. Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման համար առաջնորդվել է հաշվարկով, որը նախկին իշխանությունները մերժեցին

PanARMENIAN.Net - «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի բարձրացման համար չի իրականացրել որևէ նոր հաշվարկ՝ հիմնվելով նախկին իշխանությունների կողմից 2013 թ. մերժված չափորոշիչների վրա։

Պիպոյանը ներկայացրել է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, որտեղ նշված է, որ որպես հիմք ընդունվել են 2013 թ. սեպտեմբերի 24-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված հաշվարկները՝ ներառելով 2013-2024 թթ. ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվարկած գնաճի միջինացված ցուցանիշները, հայտնում է Infocom.am-ը։

Պիպոյանը պարզաբանել է, որ տրանսպորտի ինքնարժեքը պայմանավորված է ծախսերի օպտիմալացմամբ և մուտքերի ավելացմամբ։ Նրա խոսքով, քաղաքապետարանը հաշվի է առել միայն ուղևորափոխադրումներից ստացված մուտքերը՝ անտեսելով հնարավոր այլ եկամուտները, ինչպիսիք են գովազդից ստացվող գումարները։

«Վերջին տարիներին մայրաքաղաք ներկրված նոր ավտոբուսների վրա գովազդ չի տեղադրվել, իսկ մետրոյի գովազդային եկամուտները պարզապես անտեսվել են։ Դա ապացուցում է, որ նրանք մենեջմենթին չեն տիրապետում և համակարգը թողնում են ինքնահոսի»,- նշել է Պիպոյանը։

Նա ընդգծել է, որ ծախսերը պետք է ամբողջությամբ վերանայվեն, իսկ մուտքերը՝ օպտիմալացվեն, որպեսզի տրանսպորտի սակագնի բարձրացումը լինի հիմնավոր և արդարացված։

Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---