Հայաստանը 40 մլն դոլար վարկ կվերցնի՝ էներգետիկ ենթակայանները նորոգելու համար։ Ազգային ժողովը հունվարի 22-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռևս 1960-1970-ական թվականներին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պարզաբանել է, որ ենթակայաններում վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով. սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի, և մաշվածության բարձր աստիճանը ստեղծում է էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման մեծ ռիսկեր:
Ծրագրի շրջանակը ներառում է նաև միջոցառումներ և ներդրումներ՝ ուղղված SCADA տեղեկատվական կառավարման համակարգի ներդրման ավարտին, որը կբարձրացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի թվայնացման մակարդակը և կբարելավի իրական ժամանակում կարգավորումը: Ակնկալվում է աշխատանքներն ավարտել մինչև 2028 թվականը
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը 2029 թվականն է: