Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ուշադիր ուսումնասիրել է վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ երևանցիների արձագանքներն ու առաջարկությունները։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հայտարարել է, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկեն տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը։
«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը։ Այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։
Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝
▫️10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
▫️300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
▫️1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
▫️7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝
▫️30 օր ֊ 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️90 օր ֊ 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
▫️365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։
Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,–ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։