Ներքին գործերի նախարարարությունը նախատեսում է փոխադրամիջոցի գույքահարկից ազատել այն սեփականատերերին, որոնց փոխադրամիջոցը հանցագործության հիմքով տիրապետումից դուրս է հայտնվել։ Ազգային ժողովում այդ մասին ասել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Գույքահարկից ազատումը կիրառվում է այն պահից, երբ քրեական վարույթ է սկսվել, մինչև փոխադրամիջոցը վերադարձվի սեփականատիրոջ տիրապետմանը, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությամբ գույքահարկի հատուցման պարտականությունը կդրվի հանցանք կատարած անձի վրա, ուստի փոխադրամիջոցի սեփականատերը չի կրի գույքահարկի ֆինանսական բեռն այն ժամանակահատվածում, երբ իր գույքը գտնվել է տիրապետումից դուրս։
«Հարկային օրենսգրքում սահմանվում է, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը, հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը։ Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով»,-ասել է Մկրտչյանը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել ևս մեկ տարով։
Օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 19-րդ օրը և կգործեն միայն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած հանցագործությունների հիմքով տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների համար։
Մկրտչյանն ասել է նաև, որ առաջարկվող կարգավորումները կօգնեն պաշտպանել փոխադրամիջոցների սեփականատերերի շահերը և նպաստել սոցիալական արդարության հաստատմանը։