Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին, ընդգծել է, որ այս այցը լավ առիթ է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային հարցերի քննարկման համար:
Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել ՀՀ կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:
Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։