ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԵՄ-ին անդամակցելու օրակարգը «կեղծ և արկածախնդրային» է համարում։ Նա այդ մասին ասել է խորհրդարանական ճեպազրույցում։
Ըստ նրա, «արկածախնդրային այս քաղաքականությունը» նպատակ ունի պառակտել հասարակությունը։
«Նրանք չեն բավարարվել սևի ու սպիտակի, նախկինների ու ներկաների, արցախցիների ու հայաստանցիների բաժանումով։ Այժմ նոր տարանջատման և առճակատման գիծ են կառուցում, որպեսզի հայ ժողովուրդը չկարողանա միավորվել անվտանգության խնդիրները լուծելու համար»,- ասել է Մինասյանը, հայտնում է Aysor.am-ը։
Պատգամավորն անդրադարձել է նաև ԵՄ-ին անդամակցության փաստաթղթի իրավական հիմնավորումներին՝ այն անվանելով «իրավական աբսուրդ»։
«Նման օրենք չի կարող ընդունվել, որովհետև սա օրենք չէ և չի կարող համարվել օրենք։ Առավելագույնը, սա կարող էր դիտարկվել որպես ուղերձ։ ԱԺ փորձագիտական հանձնաժողովը նույնպես եկել է նման եզրակացության։ Եթե նրանք իսկապես ցանկանում են այդ ուղղությամբ աշխատանք տանել, կարող են մերժել նախաձեռնությունը, իսկ նախաձեռնողները ևս 300,000 ստորագրություն հավաքեն։ ՍԴ-ն էլ թող որոշի՝ այս առաջարկը կարո՞ղ է օրենք դառնալ, թե ոչ»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ իրենց խմբակցությունը ժամանակին կողմ է եղել ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի համաձայնագրին, քանի որ այն 2000-ականներից սկսած նպաստել է ԵՄ ընտանիքի հետ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության մեխանիզմների ընդլայնմանը։
«Այն մեծ հաշվով «և-և»-ի ամենաառարկայական փաստաթուղթն է։ Փոխարենը՝ ներկայիս իշխանությունները և նրանց աջակիցները փորձում են առաջ մղել մի կեղծ օրակարգ, որն աշխարհի ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կարող է բերել ավելի ծանր հետևանքների»,- ասել է պատգամավորը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն: