Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է, որ ՀՀ–ն որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։
Նա հավելել է, որ Երևանը փորձում է բալանսավորել իր հարաբերությունները Եվրամիության, Ռուսաստանի, տարածաշրջանային ուժերի հետ, հայտնում է Արմենպրեսը։
«Շատ կարևոր են մեր հարաբերությունները Իրանի հետ։ Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մենք փորձում ենք խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք մեր մտադրությունների վերաբերյալ իսկապես կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք մենք անում մեր մյուս գործընկերների հետ։ Դուք խոսեցիք Եվրամիությանն ավելի մոտ լինելու մեր որոշման մասին, բայց մենք շատ ինտենսիվորեն փորձում ենք մեր դիրքորոշումը կիսել Իրանի հետ, մենք փորձում ենք ակտիվորեն կիսել մեր դիրքորոշումը Ռուսաստանի և մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է՝ այս մարտահրավերներով լի ժամանակներում կան շատ-շատ մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց մյուս կողմից սա նաև հսկայական փոփոխությունների ժամանակ է։
«Բնականաբար, փոփոխությունների ժամանակները հսկայական սպառնալիքներ են բերում և մյուս կողմից՝ հսկայական հնարավորություններ։ Եվ մենք փորձում ենք կառավարել սպառնալիքները և օգտագործել հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ սա առաջ գնալու միակ պրագմատիկ ճանապարհն է՝ բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսի կորուստը կարող է բերել շատ ծանր հետևանքների անվտանգության, կայունության համար՝ ոչ միայն կոնկրետ որևէ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության տեսանկյունից»,- մանրամասնել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է որքան հնարավոր է փոխկապակցված լինելը, բայց մյուս կողմից այս իրավիճակում յուրաքանչյուր անկայունություն աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում կարող է շղթայական պրոցես սկսել ամբողջ աշխարհում, նույնիսկ փոքր երկրներում և տարածաշրջաններում։
«Ահա թե ինչու է բալանսավորված լինելը և այս բալանսավորման մասին ամենօրյա ռեժիմով հիշելն ամենակարևորը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: