Սիմոնյան․ ՀՀ–ն գնահատում է իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում

Սիմոնյան․ ՀՀ–ն գնահատում է իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարել է, որ չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին բախվում է Հայաստանը, երկիրը հաստատակամ է եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում։

Նա նշել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում:

«Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի»,–ասել է նա

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում և այլուր լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է:

«Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաև ամբողջ աշխարհում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը:

 Ուշագրավ
---