Միրզոյան․ Խաղաղության համար պետք է երկխոսություն՝ չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը տեսնում ենք հարևաններից

Միրզոյան․ Խաղաղության համար պետք է երկխոսություն՝ չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը տեսնում ենք հարևաններից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների պատվիրակության այցի շրջանակներում, անդրադարձել է տարածաշրջանային համագործակցության և խաղաղության հաստատման հիմնախնդիրներին։

Նա վստահեցրել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկխոսություն և համագործակցություն հարևան երկրների հետ՝ ժողովրդավարության հիմնարար արժեքների պահպանմամբ։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ ընթացող երկխոսությունն այժմ բավականին ակտիվ է, թեև դեռևս շոշափելի արդյունքներ չկան։

Ադրբեջանի հետ բանակցությունների մասին խոսելով՝ նախարարը նշել է, որ կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 15 հոդված 17-ից՝ մնացած հարցերի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամությամբ։

«Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն օր առաջ, կամ եթե կուզեք, րոպե առաջ ամբողջացնելու պայմանագրի տեքստը և ստորագրելու այն։ Ցավոք, չեմ կարող ասել, որ նույն կառուցողական մոտեցումը և պատրաստակամությունը տեսնում ենք մեր հարևաններից»,– նշել է նա։

ԱԳ նախարարը կարևորել է համագործակցությունը և հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին՝ շեշտելով, որ «խաղաղությունն այլընտրանք չունի»։

Իր ելույթում Արարատ Միրզոյանը շեշտել է Նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցության խորացման կարևորությունը՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների տարածման և գլոբալ ռիսկերի հաղթահարման նշանակությունը։ Նրա խոսքով՝ «Նորդիկ-բալթյան երկրները ժողովրդավարական ինստիտուտների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության առաջատար օրինակ են»։

«Ցանկանում եմ նշել այն պատճառները, որոնց համար Հայաստանը շահագրգռված է էապես խորացնել համագործակցությունը Նորդիկ-բալթյան երկրների հետ: Այդ պատճառները շատ թափանցիկ են, շատ պարզ, ինչ-որ մեկը կարող է ասել շահադիտական: Եվ, այնուամենայնիվ, այդ պատճառները հետևյալն են. իմ խորին համոզմամբ՝ Նորդիկ-բալթյան երկրներն այն երկրներն են կամ այն երկրների շարքում են, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն ամենաուժեղն են, ամենաինստիտուցիոնալն են, ինչպես նաև պաշտպանվածը, կայացածը, որտեղ մարդու իրավունքներն ամենապաշտպանվածն են, իսկ հասարակություններն ամուր կանգնած են ժողովրդավարության և ազատության արժեքների վրա և որտեղ հասարակությունները հասկանում են այն վտանգներն ու ռիսկերը, որոնց առջև գլոբալ ժողովրդավարությունն այսօր կանգնած է: Սա մի շերտն է»,– հավելել է նա։

ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի ներկա իրավիճակին՝ նշելով, որ այսօր երկիրը ձևավորվում է ժողովրդավարական սկզբունքներով և ձգտում է կայուն խաղաղության։

«Առաջին հերթին, այսօրվա Հայաստանը ժողովրդավարություն է և երկրորդ հերթին` անփորձ, անշուշտ, դեռևս բազմաթիվ անելիքների, սխալների առջև կանգնած, իր սխալներից սովորելու մեծ ճանապարհի առջև կանգնած, բայց արդեն ժողովրդավարություն: Մի հասարակություն, որը վերջնականապես ապացուցել է, առիթ է ունեցել ապացուցելու ժողովրդավարությանն իր նվիրումը: Եվ պարադոքսալ կերպով, այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում էր պաշտպանել ժողովրդավարությունը, ժողովրդավարությունն էր հենց այն գործիքը, որը եկավ պաշտպանելու Հայաստանը»,– ասել է Միրզոյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

 Ուշագրավ
---