24 հունվարի 2025 - 11:34 AMT
Արման Սահակյանին ազատ են արձակել. Խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որը ձերբակալվել էր հունվարի 23–ին, ազատ է արձակվել։ Այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։

Նշվել է, որ Արման Սահակյանը ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ընթացող քրեական վարույթի շրջանակում իրականացված ծավալուն ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված նյութերի հիման վրա, պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահելու, այդ լիազորությունները գործածելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում իրականացնելու և պաշտոնատար անձանց օժանդակելու հիմքերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 13 անձանց, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի նկատմամբ։

Ըստ մեղադրանքի՝ նշված անձինք 2012-2015 թթ. ընթացքում, Երևանի երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինաբար առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը և պատկանելիությունը թաքցնելու նպատակով դրանք ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց», – նշել է Ավդալյանը։

ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

«Լրացուցիչ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասել է Ավդալյանը: