Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը վաճառվել է: Ամերիկյան պետությունն այն օտարել է 36 մլն դոլարով, գործարքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, տեղեկացնում է «Հետքը»։
Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի տունը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները կառուցել են 2017 թ.՝ մինչ այդ քանդելով նույն տարածքում գտնվող և 1927 թ. կառուցված առանձնատունը: Վերջինս իր հողամասով նրանք ձեռք էին բերել 2011 թ. 14․4 մլն դոլարով:
Այս թանկարժեք առանձնատունը 5224 քմ ընդհանուր մակերես ունի, որից 3126 քմ-ը զբաղեցնում է հիմնական շենքը։ Երկհարկանի վիլլան ներառում է 11 ննջասենյակ, 27 լոգարան/զուգարան, մի քանի հյուրասենյակներ, կինոթատրոն, գրադարան, գինու մառան, լողավազան, ինչպես նաեւ սպասավորների եւ անձնական օգտագործման այլ տարածքներ։
Չնայած տունն անավարտ վիճակում է, ներքին հարդարման աշխատանքներ չեն արվել, Խաչատրյանները 2022-ի ապրիլին գույքը վաճառքի էին հանել 63.5 մլն դոլարով:
Տունը վաճառքի հանելուց շատ չանցած՝ 2022-ի մայիսին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը (դեպարտամենտը), որը ղեկավարում է այդ երկրի գլխավոր դատախազը, Խաչատրյանների գույքը բռնագանձելու հայց էր ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան, հայցը պաշտպանում էին ամերիկացի դատախազները։ Ամերիկյան կողմը գտնում էր, որ Խաչատրյանները 2011-ին գույքը ձեռք են բերել անօրինական միջոցներով: Խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կողմից 2011 թ․ Խաչատրյաններին տրված 22.401.000 դոլարի մասին է, որը հայ ու ամերիկացի իրավապահները համարում էին կաշառք (այն ժամանակ Գագիկ Խաչատրյանի գլխավորած ՊԵԿ-ի կողմից բարեհաճ վերաբերմունք ստանալու համար), իսկ Առուստամյանն ու Խաչատրյանները դա անվանում էին փոխառություն։
ՀՀ գլխավոր դատախազությունը 2024 թ. հուլիսին հայտարարել էր. «Դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի»:
Գույքն ի վերջո ձեռք է բերել Onni 530 S Mapleton LLC ընկերությունը՝ 36 մլն դոլարով: Այս ընկերությունը գրանցված է Դելավեր նահանգում՝ համարվելով կանադական Onni Group-ի մասնաճյուղ: Վերջինս մասնագիտացած է շինարարական նախագծերի եւ անշարժ գույքի կառավարման ոլորտում, իսկ ընկերության հիմնադիրն է իտալական արմատներով գործարար Ինոչենցո Դե Կոտիսը։
Onni 530 S Mapleton LLC-ի վճարած գումարից 14 մլն դոլարը տրամադրվել է վարկով: Գույքը 2024 թ. գնահատվել է 36.78 մլն դոլար, որի հիման վրա հաշվարկվել է 444 հազ. դոլար գույքահարկ։