Պարույր Հովհաննիսյան․ Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի ինքնուրույն վերահսկի իր սահմանները

Պարույր Հովհաննիսյան․ Ամեն երկիր պետք է ի վիճակի լինի ինքնուրույն վերահսկի իր սահմանները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան ուղղված է ՀՀ սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ սա կապված չէ որևէ երկրի հետ հատուկ զգայուն հարցերի հետ։

Փոխնախարարը նշել է, որ հայկական կողմը այս թեմայով քննարկում է ունեցել Իրանի հետ, և որևէ մտահոգություն չի բարձրացվել, հայտնում է Aysor.am-ը։

«Չեմ տեսնում որևէ հարց, որ իրանական կողմի հետ չհասնենք համաձայնության, մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն վերահսկի իր սահմանը:

Երբ նրան հարցրել են, թե հնարավո՞ր է, որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, նա նշել է. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկել իր սահմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից հայ-իրանական Ագարակ անցակետում սահմանապահ վերահսկողություն կիրականացնեն միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ, նշել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության մասնագետներ են այցելելու Հայաստան՝ աջակցելու երկրի սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։

 Ուշագրավ
---