Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2025 թվականի հունվարի 23-ին Վարչական դատարան դիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների վճարներին վերաբերող կետերը, հայտնում է «Հետքը»։
Մինչ դատարան դիմելը, 2025 թվականի հունվարի 21-ին «Մայր Հայաստան» խմբակցությունը փորձել էր նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ՝ առաջարկելով կասեցնել կարմիր գծերի վերաբերյալ որոշումը և վերանայել տրանսպորտի թանկացման հարցը։ Սակայն նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայացել։
Երևանի ավագանին 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է վճարովի կայանատեղիների նոր դրույքաչափերը, որոնք առաջին անգամ բաշխվել էին երկու գոտու՝ «Ա» և «Բ»–ի միջև։ «Ա» գոտում տարեկան վճարը նախկին 12,000 դրամի փոխարեն դարձավ 160,000 դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24,000 դրամ։ Այս փոփոխությունների արդյունքում նաև ժամային, շաբաթական և ամսական վճարներն էականորեն բարձրացվեցին։
Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարը 100 դրամ էր, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ։ Այս թանկացումները բողոքներ առաջացրին հասարակության և ընդդիմադիր խմբակցությունների շրջանում։
2024 թվականի դեկտեմբերի 19-ին Վարչական դատարանը, 5 դատավորի կազմով, անվավեր էր ճանաչել նախորդ տարվա կարմիր գծերի վճարների մասին որոշման որոշ դրույթներ։ Դատարանը եզրակացրել էր, որ քաղաքապետարանը բավարար կերպով չի հիմնավորել վճարների թանկացման պատճառները։ Դատավճռում նշվել էր, որ վճարների կտրուկ աճը չի հիմնավորվել ծառայությունների որակի բարելավման ծախսային հաշվարկներով, և փողոցների բեռնաթափման պատճառաբանությունը դատարանը իրավաչափ չի համարել։
Դատարանն ընդգծել էր, որ 2016 թվականից սկսած վճարների դրույքաչափերը փոփոխությունների չէին ենթարկվել, իսկ 2024 թվականին դրանք կտրուկ աճել են՝ առանց ծախսերի համեմատական վերլուծության ներկայացման։
Քաղաքապետարանը հայտնել էր իր մտադրության մասին բողոքարկել դատարանի որոշումը, իսկ դրա հետագա օրերին ավագանին նույնությամբ հաստատել էր 2025 թվականի նոր դրույքաչափերը։