Առաջիկայում ՀՀ կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալասը

Առաջիկայում ՀՀ կայցելի ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալասը

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջիկայում կայցելի Հայաստան։ Այդ մասին Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Հանձնաժողովում քննարկվում է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Փոխնախարարն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախաձեռնությանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքացիական նախաձեռնության հիման վրա ներկայացված նախագիծը համահունչ է ՀՀ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման ներկայիս դինամիկային։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

 Ուշագրավ
---