ԱԺ-ում «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանը որոշ պատգամավորներ խոսել են ԵԱՏՄ անդամակցության համատեքստում հնարավոր ռիսկերի և տնտեսական մարտահրավերների մասին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հայտարարել է. «Ավելի ազնիվ կլինի, եթե ասեք, որ դուք ավելի շատ ոչ թե ԵԱՏՄ–ից եք անհանգստանում, որտեղ վետոյի իրավունք ունեք, այլ որ ՌԴ–ն կարող է խնդիրներ ստեղծել», գրում է Sputnik Արմենիան։
Գևորգյանը շեշտել է, որ այս գործընթացը լուրջ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել Հայաստանը՝ հաշվի առնելով նրա ներկայիս անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա ընդգծեց, որ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրներից որևէ մեկը այլ տնտեսական միության անդամ չի եղել, և դա կարող է դժվարություններ ստեղծել Հայաստանի համար, որն այժմ ներգրավված է ԵԱՏՄ-ում։ Նա հարց է բարձրացրել՝ որքան կպահանջվի մինչև հանրաքվեի նշանակումը և ինչպես է նախատեսվում համադրել ԵՄ-ին մոտեցվող օրենսդրական բարեփոխումներն ու ԵԱՏՄ կանոնակարգերին համապատասխանությունը։
«Մենք հասկանո՞ւմ ենք թե տնտեսական ու քաղաքական իմաստով ի՞նչ փորձության մեջ ենք հայտնվելու առաջիկա տարիների ընթացքում, երբ ընդունենք այս օրենքն ու մոտարկենք այն ԵՄ–ին` ենթադրելով, թե ԵԱՏՄ անդամ լինելով` նա մեծահոգաբար հանդուրժող է լինելու մեր այդ ձգտումներին»,– ընդգծել է պատգամավորը։
Օրենքի հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հակադարձեց՝ նշելով, որ ԵՄ–ում գործող ստանդարտները շատ ավելի բարձր են, և դրանց համապատասխանելու պարագայում Հայաստանը խնդիր չի ունենա ԵԱՏՄ տնտեսական չափանիշների հետ։
«Այսինքն` մենք մեր չափանիշները կարող ենք համապատասխանեցնել ԵՄ ստանդարտներին և այդպիսով կոնֆլիկտի մեջ չմտնել ԵԱՏՄ ստանդարտների հետ։ Իհարկե, անհամատեղելի է իրար հետ մրցակցող մաքսային տարբեր միություններում միաժամանակյա առկայությունը»,– ասել է Զեյնալյանը։
Նա հավելել է, որ եթե Հայաստանը որոշի անդամակցել ԵՄ մաքսային տարածքին, դա անխուսափելիորեն կհանգեցնի ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությանը։
Զեյնալյանն ակնարկել է, որ որոշ ռիսկեր չեն կարող բացասական ազդեցություն ունենալ, եթե դրանք բխում են անհիմն հակազդեցությունից։
«Եթե խոսքը վերաբերում է չնորմավորված խանդին, նենգ, արգրեսիվ վարքագծին, ԵԱՏՄ անվան տակ թաքնված այլ բաներին, դա ուրիշ հարց է»,–հավելել է նա։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։
Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։