24 հունվարի 2025 - 17:20 AMT
Վարչապետն ու շվեյցարահայ գործարարը քննարկել են ՀՀ–ում իրականացվող տնտեսական ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին՝ քննարկել են ՀՀ–ում իրականացվող տնտեսական ծրագրերը։

Փաշինյանը նշել է, որ նման ծրագրերը կարևոր են երկրի առաջընթացի համար և վերահաստատել է Կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու դրանց արդյունավետ իրագործմանը։

Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Գյումրիում Շվեյցարական Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղի հիմնման գաղափարին։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս ծրագիրը էական դերակատարություն կունենա զբոսաշրջության զարգացման, Հայաստանի միջազգային մրցունակության ամրապնդման և ոլորտի գրավչության բարձրացման տեսանկյունից։

Ծրագրի իրականացումը նպատակ ունի հյուրընկալության կառավարման ոլորտում բարձրորակ կրթություն ապահովելու՝ համապատասխան միջազգային չափանիշներին և պատրաստելու որակյալ մասնագետներ։

Վահե Գաբրաշը իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին՝ աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով իր ցանկությունը շարունակելու ակտիվ ներդրումները Հայաստանում։ Նա ներկայացրել է իր կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ներկայացրել ապագա նախաձեռնությունների տեսլականը։

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով Շվեյցարիայում է՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: